Ադրբեջանական ընդդիմությունը «Վե՛րջ թալանին» կարգախոսով իր հանրահավաքը նշանակել է մայիսի 17-ին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) մայիսի 17-ին նշանակել է «Վե՛րջ թալանին» կարգախոսով հանրահավաք: Այդ մասին որոշում է ընդունվել ԺՈՒԱԽ-ի կոորդինացիոն կենտրոնի երեկվա նիստում:
ԺՈՒԱԽ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ նիստի ժամանակ քննարկվել է երկրի հասարակական-քաղաքական իրավիճակը: Քննարկվել է նաև Բաքվի գործադիր իշխանության կողմից ԺՈՒԱԽ-ին մերժելու հարցը՝ կապված մայիսի 3-ին նշանակված հանրահավաքը չարտոնելու հետ:
Որոշվել է դատարանում բողոքարկել մայրաքաղաքի իշխանությունների տվյալ որոշումը: Քաղաքապետարանն առաջարկել էր հանրահավաքը անցկացնել մայիսի 2-ին, սակայն ԺՈՒԱԽ-ը չէր համաձայնվել դրան՝ հաշվի առնելով, որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է: