Սերբիան հրաժարվել է գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարից
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբաին ահնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը: Բելգրադը մտադիր չէ գազ ստանալ այդ ուղղությունից: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Նա ընդգծել է, որ «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելու Ռուսաստանի որոշումը կարող է խնդիր դառնալ իր երկրի էներգոանվտանգության համար: Նիկոլիչի խոսքերով՝ «Հարավային հոսքի» իրագործման դեպքում Սերբիան պետք է դառնար տարանցիկ երկիր, որի միջոցով գազ կմատակարարվեր ԵՄ-ին:
Նիկոլիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ արդեն իսկ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Մոսկվան վարկ էր տրամադրելու Սերբիային՝ իր տարածքում «Հարավային հոսքի» կառուցման համար, իսկ Բելգրադն այդ վարկը մարելու էր գազի տարանցման եկամուտներից:
Խոսելով «Թուրքական հոսքի» մասին՝ Նիկոլիչն ընդգծել է, որ այդ խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, սակայն տվյալ դեպքում սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը և որ չի հանդիսանալու տարանցիկ երկիր և գազը գնելու է որպես սովորական սպառող: