Բաժիններ՝

Նախկին ոստիկան Դոգի և մյուսների գործը դատարանում է. ինչում են նրանք մեղադրվում

Նախկին ոստիկան, ոստիկանության մայոր Դոգի՝ Վարդան Ղուկասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով, գումար հափշտակելու դիտավորությամբ, Հովհաննես Եսայանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալից շորթել է խոշոր չափերով` 1 մլն դրամ:

Հովհաննես Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալից շորթել է խոշոր չափերով` 1 մլն դրամ:

Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամի շորթումը: Վարդան Ղուկասյանը կալանավորված է:

Նշենք, որ քրեական գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:

Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազար ՀՀ դրամ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս