Բաժիններ՝

«Ըստ իմ պաշտպանյալի՝ Կարո Կարապետյանի հետ որևէ գումարային խնդիր երբևէ չեն ունեցել». Գեղամ Հակոբյան

Մայիսի 4-ին ձերբակալված՝ «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի մասնակցությամբ երեկ որոշակի գործողություններ են կատարվել: Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք ներկա կասկածանքի համար հիմք հանդիսացող որևէ փաստական տվյալներ չեն պարունակում: Նշենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով:

– Պարոն Հակոբյան, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ձեր պաշտպանյալ Գոհար Ենոքյանի փեսան ու եղբոր խնամին ցուցմունքներ են տվել Ենոքյանի դեմ` հայտնելով, որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը: Ըստ լրատվամիջոցների՝ նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ  Գոհար Ենոքյանի փեսան ու եղբոր խնամին ցուցմունքներ են տվել նրա դեմ, և քրեական գործում նաև ձայնագրություններ կան:

– Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դա նույն հորինված սցենարի մի մասն է և հասարակությանը մոլորեցնելու միտում է հետապնդում: Հատկապես այն պայմաններում, երբ Գ. Ենոքյանը ոչ աղջիկ ունի, ոչ էլ, առավել ևս՝ փեսա: Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ ձայնագրություն գոյություն չունի, որտեղ արտացոլված լիներ Ձեր նշած հանգամանքները, առավել ևս՝ Գոհար Ենոքյանի մասնակցությամբ որևէ խոսակցություն նշված թեմայով:

– Ըստ լրատվամիջոցների՝ մոտ 4 տարի առաջ ԱԺ արդեն նախկին ԲՀԿական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի եղբոր խնամուն և փեսային՝ Խաժակ և Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով: Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջև: Նշված հանգամանքներն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, Ձեր պաշտպանյալը երբևէ խնդիրներ, այդ թվում՝ գումարային հաշիվներ ունեցե՞լ է Կարո Կարապետյանի հետ:

– Ըստ իմ պաշտպանյալի՝ Կարո Կարապետյանի հետ որևէ գումարային խնդիր երբևէ չեն ունեցել, և ինքն անձամբ որևէ մեկի հետ գումարային խնդիր չունի: Իր զարմիկի հետ կապված գումարային խնդիր եղել է, որն էլ դարձել է այս պատմության հիմքը, և պետական մեքենան օգտագործելով, շանտաժի միջոցով փորձ է արվում այդ խնդիրները լուծել Գոհար Ենոքյանի հաշվին, քանի որ զարմիկն անվճարունակ է: Որի համար էլ կրկին և հրապարակային դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի օպերատիվ միջոցառումների միջոցով պարզվեն ՀՀ գլխավոր դատախազության կողմից սանձազերծված և ՀՀ հատուկ քննչական ծառայության ձեռքով իրականացվող ապօրինության հիմքում ընկած հանգամանքները և կանխվի ապօրինությունների հետագա զարգացումը: Համոզված եմ, որ օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ ԱԱԾ-ին հետաքրքրող շատ հանգամանքներ ի հայտ կգան, և ապօրինությունների հեղինակների պատասխանատվության բավարար հիմքեր ձեռք կբերվեն: Ստեղծված իրավիճակում, միակ պետական մարմինը, որը կարող է օբյեկտիվություն և օրինականություն ապահովել, մնացել է ԱԱԾ-ն, քանի որ գրեթե բոլոր իրավապահ կառույցներին ներքաշել են ապօրինության մեջ, այդ թվում և՝ դատարաններին, քանի որ Գ. Ենոքյանի եղբորորդուն, դարձյալ ապօրինի մեղադրանքով, դատարաններն անհիմն կալանավորման որոշումներ են կայացրել:

– Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ կային այն մասին, որ երեկ նախատեսվում էին առերեսումներ Գոհար Ենոքյանի մասնակցությամբ: Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ այդպիսի քննչական գործողություններ կատարվե՞լ են:

– Երեկ որոշակի գործողություններ կատարվել են, սակայն դրանք ներկա կասկածանքի համար հիմք հանդիսացող որևէ փաստական տվյալներ չեն պարունակում, և շարունակում եմ պնդել, որ Գոհար Ենոքյանի ձերբակալումը բացահայտ ապօրինություն է:

Այցելե՞լ եք արդյոք Ձեր պաշտպանյալին, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

– Բնականաբար, այցելել եմ իմ պաշտպանյալին, առողջական վիճակը շարունակում էր նույնը մնալ և դարձյալ զարկերակային ճնշման և սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ուներ: Ուղղակի ամոթալի իրողություն է Հայաստանի իրավական պատմության մեջ, որ չգործած արարքով՝ 73-ամյա, փառահեղ անցյալով կին է ձերբակալվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս