Հովիկ Աբրահամյան. «Կա՛մ պատգամավորները լավ չեն հասկացել, լավ չեն կարդացել օրենքը, կա՛մ կառավարության անդամներն են վատ ներկայացրել»
Եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ պատգամավորների կողմից այդ փոփոխությունները ճիշտ չընկալվեցին, և պատգամավորները չէին խոսում բուն օրենքից, այլ տպավորություն էր, որ կարծես ուրիշ նախագծերի մասին էին խոսում:
«Սա ունի 2 պատճառ՝ կա՛մ պատգամավորները լավ չեն հասկացել, լավ չեն կարդացել օրենքը, կա՛մ կառավարության անդամներն են վատ ներկայացրել: Բայց ես ուզում եմ բեռը վերցնել մեզ վրա, պետք է այնպես ճիշտ ու թափանցիկ ներկայացնենք օրինագծերը, որ պատգամավորներն ընկալեն»,- ասաց Հ.Աբրահամյանը և նախարարներին ու փոխնախարարներին հանձնարարեց խորհրդարանում ավելի մատչելի ներկայացնել օրինագծերը:
Նա նաև հանձնարարեց ԱԺ արտահերթ նստաշրջան ներկայացվող օրինագծերը շուտ ուղարկել ԱԺ, առնվազն մեկ շաբաթ առաջ, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու չդժգոհեն: