Բաժիններ՝

Ազգային գվարդիան արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո լքել է Բալթիմորը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետը հայտարարել է Բալթիմորում արտակարգ դրության ռեժիմի վերացման և քաղաքից նահանգային ոստիկանության ու Ազգային գվարդիայի դուրսբերման մասին:

Բալթիմորի քաղաքապետ Սեֆանի Ռոլինգս Բլեյքը դաշնային իշխանություններին կոչ է արել ստուգել քաղաքային ոստիկանության գործողությունները՝ կապված դրանց խտրական բնույթի ու անհամաչափ ուժ կիրառելու հետ:

Նա հավելել է, որ չնայած նրան, որ վերջին տարիներին նվազել են տեղի ոստիկանության նկատմամբ բողոքները, այնուամենայնիվ, հասարակության ու իրավապահների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

Բալթիմորում զանգվածային անկարգությունները սկսվել էին 25-ամյա սևամորթ տղամարդ Ֆրեդի Գրեյի մահվան կապակցությամբ: Ապրիլի 12-ին նրան ձերբակալել է ոստիկանությունը, որի ժամանակ Գրեյը ստացել է ողնաշարի կոտրվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց, ուր և ապրիլի 19-ին մահացել է:

Դրա հետ կապված՝ Բալթիմորում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք սկզբնական շրջանում կրում էին խաղաղ բնույթ: Սակայն հետագայում գրանցվեցին բախումներ, բռնություններ, հրդեհումներ:

Ապրիլի 27-ին Բալթիմորում անկարգությունների հետևանքով վիրավորվեց մոտ 100 սպա, ձերբակալվեց ավելի քան 200 մարդ: Հրդեհվել էր մոտ 170 մեքենա: Դրանից հետո քաղաք էին մուտք գործել Ազգային գվարդիայի 3000 ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս