Ռոբերտ Ամիրխանյանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի համար հիմն է գրել
Երևանի հնաբնակները, թերևս, հիշում են Չայկովսկի և Խանջյան փողոցների անկյունում գտնվող երբեմնի սև, ցածրահարկ շենքը: Այժմ նրա փոխարեն վեր է խոյանում քառահարկ, տուֆակերտ մի շենք, որի ցուցանակի վրա կարդում ենք. «Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երաժշտական մասնագիտական դպրոց»: Այդ դպրոցն այսօր 85 տարվա պատմություն ունի:
Վերջին երեք տարվա ընթացքում կրկնապատկվել է աշակերտների թիվը՝ 530-ից դարձել է 950:
Մայիսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառում: Այս կապակցությամբ բեմ էին բարձրացել դպրոցի 58 սաները՝ ներկայացնելու դպրոցի ջազ բենդն ու «Կատուներ» մյուզիքլը:
Հատկանշական է, որ դպրոցական տարիքի երեխաների մասնակցությամբ շուրջ 2 ժամ տևող միջոցառումն անցավ լեփ-լեցուն դահլիճում և միայն երեխաներին հատուկ անկեղծության մթնոլորտում: Նախքան միջոցառման սկիզբը մենք զրուցեցինք Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի հետ, ով նշեց, որ դպրոցի 85-ամյակի շրջանակում պատրաստվում են ներկայացնել շուրջ 9 համերգ:
– Տիկին Մարինա, նշեցիք, որ 9 համերգ է ներկայացվելու:
– Այո, սա առաջինն է: Ներկայանալու է էստրադային բաժնի մեր ջազ բենդը: Բոլոր երեխաները, ովքեր երգելու են այսօր՝ էստրադային բաժնի աշակերտներ են, մեր վոկալիստները: Այսօրվա միջոցառման առաջին բաժնում ջազ բենդն Է, երկրորդում՝ «Կատուներ» մյուզիքլը: Մյուզիքլի նախաձեռնումը մեծ ռիսկ էր, քանի որ երեխաները փոքր են՝ մինչև 15 տարեկան: Շատ հետաքրքիր աշխատանք է տարված:
– Քանի՞ երեխա է ներգրավված այսօրվա միջոցառմանը:
– Մոտ 33 «կատու», 15-ը՝ փողային ջազ նվագախումբն է, և 7 հոգի լարային նվագախումբն է: Մոտ 58 երեխա է բեմում լինելու այսօր:
– Քանի՞ տարեկան է ամենափոքր մասնակիցը:
– Նա մեր 7 տարեկան «կատուն» է, որին կտեսնեք բեմում՝ վոկալի բաժնի առաջին դասարանից: Մի հեքիաթային երեխա է, ով ընդունվել է դպրոց՝ ասելով, որ դառնալու է Գոհար Գասպարյանը: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ այս մյուզիքլի բեմադրման ընթացքում՝ մեր երեխաները բացվեցին: Մինչ այդ փոքր-ինչ կաշկանդված էին, չէ՞ որ մինչ այդ զուտ ուսուցիչ-աշակերտ կարգավիճակում էին՝ պարապմունքներ, քննություններ… Իսկ մյուզիքլի շրջանակներում արդեն փոխվեց իրավիճակը՝ բեմ, ստեղծագործական ընթացք, կոստյումներ, գրիմ… Ստեղծվեց մի յուրահատուկ մթնոլորտ, որտեղ թե՛ ուսուցիչները, և թե՛ աշակերտներն իրենց նորովի բացահայտեցին:
– Ո՞վ է բեմադրել մյուզիքլը:
– Բոլորս միասին: Էստրադային բաժնի մեր դասատուները՝ Արմեն Սուջոյանը, Սուսաննա Պետրոսյանը, Էմմա Ասատրյանը, որին մի կերպ իջեցրեցինք բեմից, թե չէ նորից փոփոխություններ էր անում: Շատ մեծ աշխատանք է տարվել երաժշտական դպրոցում դասավանդող ողջ անձնակազմի կողմից: Այս միջոցառումը մեր բոլորիս աշխատանքի արդյունքն է, քանի որ ամեն ինչ արել ենք, որ դպրոցի 85-ամյակը հիշարժան լինի:
– Նշվում է դպրոցի 85-ամյակը: Հյուրեր լինելո՞ւ են:
– Հրավիրել ենք մեր դպրոցի նախկին ծնողներին, աշակերտներին, Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին ենք հրավեր ուղարկել: Ինչպես նաև գալու են Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, Ռաիսա Մկրտչյանը: Մեզ համար շատ պատասխանատու օր է, քանի որ առաջին անգամ ենք ելույթ ունենում մեծ բեմում՝ մեր մյուզիքլով և ջազ բենդով:
– Հնարավո՞ր է, որ այս մյուզիքլը պարբերաբար բեմադրվի:
– Մենք մեր երաժշտական դպրոցում արդեն խաղացել ենք այս մյուզիքլը: Բայց դպրոցում մի բան է, մեծ բեմում՝ այլ: Դպրոցում պատերն էլ են քոնը՝ հարազատ են, օգնում են… Շատ դժվար է բոլոր երեխաներին մի ժամի հավաքել և փորձեր անել, քանի որ տարբեր բաժիններից են, դպրոցականներ են, ի վերջո… Փորձերի ժամանակ երբեմն մտածում էի, որ այլևս նման քայլի երբեք չեմ դիմի, բայց արդյունքը հիասքանչ է ստացվել: Մեզ շատ օգնեց մեր պարուսույցը՝ Լուիզա Գալստյանը: Մեր դպրոցը երաժշտական է, բայց մենք ունենք նաև պարային խումբ, որտեղ դասավանդում է Լուիզան, և նա մեզ շատ օգնեց՝ պարային համարների բեմադրման հարցում: Շատ շնորհակալ ենք երգչախմբի ղեկավար Լիանա Ջարոյանին:
– Որքա՞ն է տևում ամբողջ միջոցառումը:
– 45 րոպե առաջին բաժինն է, որտեղ ելույթ է ունենալու ջազ բենդը՝ իր սոլիստներով: Եվ երկրորդ բաժինը «Կատուներ» մյուզիքլն է՝ ևս 45 րոպե տևողությամբ: Հավատացեք, դպրոցական երեխաների համար դա հսկայական աշխատանք է՝ բեմում այդքան երկար լինելը:
Մենք զրուցեցինք նաև Էմմա Ասատրյանի հետ, ով աշխատում է դպրոցի ջազ-վոկալ բաժնում և այդ բաժնի վարիչն է հանդիսանում:
– Էմմա, ճի՞շտ է, որ հատուկ դպրոցի համար հիմն է գրվել:
– Այո, և այն կհնչի մայիսի 22-ին: Դպրոցի 85-ամյակի շրջանակներում կայանալիք համերգները կեզրափակվեն մայիսի 22-ին՝ Օպերայի և բալետի թատրոնի բեմում, որի ժամանակ և կհնչի Ռոբերտ Ամիրխանյանի կողմից՝ հատուկ մեր դպրոցի համար գրված հիմնը: Ի դեպ, Ռոբերտ Ամիրխանյանը ևս եղել է մեր դպրոցի սանը: Եվ նրա կողմից գրված հիմնն այդ օրն առաջին անգամ է հնչելու: