«Թուրքական հոսք» գազատարի կառուցումը հետաձգվում է. Коммерсантъ
Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը հետաձգվում է՝ կապված ռուսական «Գազպրոմի» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերության միջև բանակցությունների ձգձգման հետ:
Կողմերը պայմանավորվել են զեղչի շուրջ, սակայն բանակցություններն արդեն բավական ժամանակ մտել են փակուղի՝ կապված համաձայնագրի մյուս կողմերի հետ: Դրանից վնասներ են կրում ռուսական ու թուրքական ընկերությունները:
«Գազպրոմի» կորուստները գնահատվում են մի քանի հարյուր միլիոն եվրո, իսկ ահա թուրքական ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանում կիրառել գազային զեղչը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են: Դրա համար նա ռուսական գազը գնում է 100 դոլարով ավելի թանկ գնով, քան եվրոպական միջին գինն է:
Ներկայումս Թուրքիան 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար վճարում է 370 դոլար: «Գազպրոմը» ցանկանում է արագորեն սկսել «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը, սակայն Անկարան ընդդիմանում է դրան:
Արդյունքում՝ ապրիլին Թուրքիային ռուսական մատակարարումները նվազել են 38 տոկոսով: Նոր համաձայնագրի համար խոչընդոտ է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: