Բաժիններ՝

Հնդիկ առևտրականները գոհ են Հայաստանում իրենց առևտրից. ապագայում ՀՀ-ում հնդկական խանութ կբացվի

Հնդիկ առևտրականները, որոնք արդեն 3 օր ՀՀ կառավարության շենքի (ՀՀ կառավարական տուն, 1 շենք, մուտքը՝ Մելիք-Ադամյան փողոցից) Նիստերի դահլիճում բացել են հնդկական ապրանքների տոնավաճառ, գոհ են հայերի ընդունելությունից և նրանց հետ շփումից: Տոնավաճառը կազմակերպվել է «Little India» ընկերության կողմից, և տոնավաճառին մասնակցում են այդ ընկերության 10 գործարար: Տոնավաճառում վաճառվում է հագուստ, զարդեր, տարբեր աքսեսուարներ, արձանիկներ, համեմունքներ, թեյեր, կոսմետիկա, կահույք և այլն:

168.am-ի հետ զրույցում տոնավաճառի կազմակերպիչ, «Little India» ընկերության տնօրեն Նավեկ Ալի Խանն ասաց, որ տոնավաճառ անցկացնելու համար ընտրել են հենց Հայաստանը, քանի որ մեր մշակույթները և ժողովուրդները շատ նման են: Նա նշեց, որ Հնդկաստանից բերել են հիմնականում այն ապրանքները, որոնք պահանջարկ ունեն հենց Հնդկաստանում՝ հագուստ, զարդեր, սրբիչներ, համեմունքներ, թեյեր, անգամ կահույք և կոսմետիկա:

Ն. Ալի Խանի փոխանցմամբ՝ հայերը նրանց շատ ջերմ են վերաբերվում, և առևտուրն էլ նորմալ է ընթանում: Հարցին՝ հայերը Հնդկաստանից բերված հիմնականում ո՞ր ապրանքներով են հետաքրքրված, հնդիկ գործարարը պատասխանեց, որ բոլոր ապրանքներով էլ հետաքրքրված են, բայց առավել շատ՝ թեյերով, հագուստով և համեմունքներով:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իրենք ուրիշ երկրներում էլ են լինում, բայց հայերը մյուսներից տարբերվում են իրեն ջերմությամբ և լավ վերաբերմունքով: Նշենք նաև, որ մեր զրուցակիցը խոսում էր մաքուր հայերենով: Նա պարզաբանեց, որ ինքն արդեն 10 տարուց ավելի ապրում է Հայաստանում, սովորել է Հայաստանի Բժշկական համալսարանում, և Հայաստանն իր ամենասիրելի երկրներից է:

«Մենք ուզում ենք մեր երկրների հարաբերություններն ավելի լավացնել, այստեղից էլ բիզնեսմեններ ուղարկենք Հնդկաստան: Սա իմ սիրելի երկիրն է»,- ասաց Ն. Ալի Խանը՝ տեղեկացնելով, որ հնարավոր է՝ ապագայում մեծ հնդկական խանութ բացի Հայաստանում, որտեղ կվաճառվեն ամեն տեսակ իրեր, իսկ մինչ այդ՝ պլանավորում են մի քանի ամսից էլի գալ ու տոնավաճառ կազմակերպել:

Նշենք նաև, որ հնդիկ առևտրականներին վաճառքի մեջ օգնում են հայ աշխատողները, քանի որ նրանք հայերեն չեն հասկանում: Մեզ հետ զրույցում հայ աշխատողները նշում էին, որ շատ հաճելի է աշխատել հնդիկների հետ: Նրանք բոլորը նշում էին, որ շատ լավ առևտուր է գնում: Թեյերի բաժնում աշխատող մի տղա նկատեց, որ անցյալ տարի թեյերն ավելի էժան էին, քան այս տարի, բայց հիմա ավելի շատ են գնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս