Նարեկ Գալստյանը՝ «կեղծ փրկիչներին». «Ժամանակին դուք էիք իշխանություն, դուք եք դարձել մեր երկրում բոլոր անարդարությունների հիմքը, կնքահայրը»
«Երկրում ուղղակի խայտառակ սոցիալական վիճակ է, բևեռացում, չկա միջին խավ, մի քանի տոկոսը ծայրահեղ հարուստ է, իսկ մնացածն աղքատ են, հացի կարոտ են, սոված են ուղղակի»,- այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էին ցույց՝ պահանջելով իշխանություններից «հարգել քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը»:
Ն. Գալստյանը հայտարարեց, որ Հայաստանը բաժանվել է մի քանի մասի. «Առաջին Հայաստանը իշխանությունների Հայաստանն է, այնտեղ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է՝ գեղեցիկ մեքենաներ, գեղեցիկ միջոցառումներ, բայց դա, վերջիվերջո, իրական Հայաստանը չէ, դա այն Հայաստանը չէ, որտեղ ապրում է ՀՀ քաղաքացին»:
Երկրորդ Հայաստանը, ըստ Ն. Գալստյանի՝ «կեղծ փրկիչների» Հայաստանն է. «Սա նույնպես շատ վտանգավոր կատեգորիա է՝ ասում են՝ «դուք գնացեք, մենք գանք»: Լավ, որ գաք, ի՞նչ եք անելու, եկել եք ժամանակին, ժամանակին դուք էիք իշխանություն, թե՞ այնուամենայնիվ, այս երկրում առկա բոլոր խնդիրները ձեր ժամանակ չկար: Դուք եք դարձել մեր երկրում բոլոր անարդարությունների հիմքը, կնքահայրը»:
Ն. Գալստյանը հայտարարեց նաև, որ ցանկացած փոփոխություն իր գինն ունի, ու բոլորը պետք է պատրաստ լինեն վճարել ցանկացած բարեփոխման և փոփոխության համար:
«Մենք իրավունք չունենք ժողովրդին տանելու բախման՝ հետո մենք գնանք տուն, ու դրանով ամեն ինչ վերջանա: Ինչքան խաբեցին շատերը բոլորիս, այդ թվում՝ նաև ինձ, իսկ նրանք իրականում հետապնդում էին անձնական նպատակներ՝ մի քանի պատգամավոր ունեցան, մի փոքր պաշտոն ունեցան, ու վերջ, ամեն ինչ հրաշալի էր ու նորմալ էր: Մի՞թե մենք դրա կարիքն ունենք: Կարծում եմ, որ՝ ոչ»,- հայտարարեց Ն. Գալստյանը՝ նշելով, որ համակարգը պետք է ամբողջովին փոխվի, որպեսզի հնարավոր լինի ստեղծել «կառավարման արդար, ազնիվ, պետության անվտանգության և ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովող համակարգ»:
Նա նշեց նաև, որ Հայաստանում արհեստակցական միությունները դարձել են օլիգարխիայի կցորդը. «Դրանից ելնելով՝ մենք ստանձնում ենք մեզ վրա արհեստակցական միությունների գործառույթները, այսուհետև մեր բոլոր գրասենյակները դառնալու են աշխատող շտաբներ, որտեղ մարդիկ, ում իրավունքները խախտել են գործատուները, կարող են գալ և ներկայացնել իրենց բողոքները»:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա 2-3 ամիսներին իրենք պետք է «քրտնաջան» աշխատեն, և հաջորդ հանրահավաքը լինելու է սեպտեմբեր ամսին. «Իսկ մինչ այդ, թող բոլոր անբարեխիղճ գործատուներն իմանան՝ խայտառակ ենք անելու, հարվածելու ենք իրենց չեղած վարկանիշին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: