Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերով հավատարմակատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Իրանի ԱԳՆ է հրավիրվել Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերով հավատարմակատարը, որին բողոք է ներկայացվել` կապված թագավորության գործողությունների հետ, որոնց հետևանքով հումանիտար օգնություն տեղափոխող իրանական օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Եմենում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի քաղաքացիների համար հումանիտար օգնությունը պատրաստել է Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի իրանական մասնաճյուղը, սակայն այդ օգնությունը փոխադրող իրանական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Սանայում` կապված արաբական դաշինքի ռազմաօդային ուժերի կողմից մերձակա բոլոր օդանավակայանները ռմբակոծելու հետ:
Իրանական օդանավը հարկադրված է եղել հետ վերադառնալ: Իրանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին դարձյալ իր մոտ էր հրավիրել Սաուդյան Արաբիայի գործերով հավատարմակատարին և բողոք էր հայտնել նրա համար, որ այդ երկրի կործանիչները թույլ չեն տվել, որ հումանիտար օգնություն տեղափոխող իրանական օդանավը մուտք գործի Եմենի օդային տիրույթ: