«Ժիրայր Սէֆիլյանի կոչը՝ քաղաքացիական անհնազանդության քայլերը սկսելու մասին»
«Հարգելի՛ հայրենակիցներ
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով:
Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին:
Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից:
Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից:
Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը:
Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:
Միևնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձևը կարող եք գտնել այս հղումով, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք․ Երևան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից):
Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին»:
Հիմնադիր Խորհրդարան