Շավարշ Քոչարյանի պատասխանը Չավուշօղլուին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
– Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան միշտ նախապայման է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ իբր՝ դա հայտնի էր ամբողջ աշխարհին։ Ի՞նչ կասեք այդ կապակությամբ։
– Ինչպես նշել է արտգործնախարար Նալբանդյանը դեռ 2010թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ «Wall Street Journal» օրաթերթում հրապարակված իր հոդվածում՝ «Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»: Դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները եւ կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը։
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին։ Նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միեւնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին։
ՀՀ ԱԳՆ