
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել մասնակցել նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:
Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից և ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:
ՀՀ քննչական կոմիտե