Հովիկ Աբրահամյան. «Թող որևէ մեկը ասի, որ որևէ բիզնես եմ արել, կամ սերտաճած եմ»

«Դուք գիտեք՝ այս հանձնաժողովը, որ ստեղծվել է, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ընդգրկված են նաև ՀԿ-ներից 2-ական ներկայացուցիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից 1-ական ներկայացուցիչներ: Մենք բոլորս միասին պետք է վեր հանենք, քննարկման առարկա դարձնենք բոլոր ան այն խնդիրները, որ կա հասարակության մեջ, վեր հանել և պատժել: Որևէ կաշկանդվածություն չունենք. որևէ մեկ անձի, քաղաքական գործչի, գործարարի հանդեպ չունենք որևէ պարտավորվածություն»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցին, թե ի՞նչ արդյունք են սպասում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովից:

Վարչապետը վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքը լինելու է շատ թափանցիկ, շատ անկեղծ և համոզվածություն հայտնեց, որ եթե բոլորն ունենան այս մոտեցումը՝ կունենան հաջողություն:

«Ինձ մի համոզեք, ես շատ շուտ համոզվող եմ»,- հակադարձեց Ռ. Հակոբյանն ու նշեց, թե համաշխարհային փորձ գոյություն ունի, որից կարելի է օգտվել: Ըստ նրա՝ նախկին հանձնաժողովները նույն սկզբունքով են ձևավորվել, բայց կոռուպցիան չի նվազել, այլ ավելացել է: Հակոբյանը նշեց, թե խոսքը վարչապետի անձին չի վերաբերվում: Նա խորհուրդ տվեց, որպեսզի հանձնաժոովի ղեկավարությունում բարձրագույն ղեկավարությունից մարդ չլինի. «Դուք մի ղեկավարեք»:

Հ.Աբրահամյանը հորդորեց բոլորով միասին խնդրին լուծում տալ, առավել ևս, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիա է ուզում: Նա նշեց, որ ապրիլին լրանում է իր պաշտոնավարման մեկ տարին. «Թող որևէ մեկը ասի, որ որևէ բիզնես եմ արել, կամ սերտաճած եմ»: Ըստ նրա՝ մարդիկ անհիմն խոսում են, իսկ անհիմն խոսակցությունները որ շրջում են երկրում, շատ փչացնում են մթնոլորտը:

Տեսանյութեր

Լրահոս