Արթուր Չիլինգարովը Գյումրիում է

Այսօր՝ փետրվարի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝ բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ:

Քաղաքապետը նաև կարևորեց մեծ գիտնականի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում: Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:

Նա նաև հետաքրքրվեց դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն: Արթուր Չիլինգարովը խոստացավ նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ:

Գյումրիի քաղաքապետարան

Տեսանյութեր

Լրահոս