Փաստաբանները կարող են փորձաքննություն պատվիրել արտադատական կարգով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 25-ին, Փաստաբանների պալատի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: «Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:

Արտաշես Ջավադյանը կարևորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը նշել է. «Մենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ»:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս