Մարտի 1-ից կգործի ուսանողների ուղևարձերի պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը
ԼՂՀ կառավարության որոշմամբ ընթացիկ տարվա մարտի 1-ից կգործի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ստացիոնար) ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական կարգը։
Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնել է նորաստեղծ «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարատ Հասրաթյանը՝ հավելելով, որ ծրագիրը գործելու է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Համաձայն կարգի, ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) ուսանողի արտոնյալ երթևեկումը կիրականացվի կտրոնների միջոցով, որոնք պետական ֆինանսական աջակցությունն ապահովող մարմնի կողմից կտրամադրվեն ուսումնական հաստատության ռեկտորատի կամ խորհրդի կողմից հաստատված ցուցակների հիման վրա:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:
Ուսանողին յուրաքանչյուր ուսումնական օրվա համար տրամադրվում է երկու կտրոն: Արձակուրդային ժամանակաշրջանի, ամենշաբաթյա անընդմեջ հանգստի ու ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի համար պետական ֆինանսական աջակցություն չի տրամադրվի: