ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ փետրվարի 23-ից 25-ը մասնակցում է ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվող Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման նախաձեռնության համատեղ ուժերով։

Մասնակիցների թվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դեսպաններ, դիվանագետներ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։
Համաժողովի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ կողմից Բարեվարքության ամրապնդման իրականացման և, մասնավորապես, ինքնագնահատման գործընթացը, այդ հայեցակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերը, ակնկալվող ինստիտուցիոնալ մոտեցումները, ինչպես նաև՝ մասնակցող երկրներին առաջարկություններ են ներկայացվել Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի զարգացման ու դրա տարածման վերաբերյալ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դրական են գնահատել և շնորհակալություն հայտնել Արա Նազարյանին անկեղծ ու կառուցողական ելույթի և պատվիրակության ակտիվ մասնակցության համար։ Պատվիրակության անդամներն ակտիվորեն ընդգրկված են եղել նաև համաժողովի սինդիկատային խմբերի քննակումներին։
Պատվիրակության վերադարձից հետո համաժողովի արդյունքները կամփոփվեն և կմշակվի Բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների փաթեթ։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս