Էդուարդ Շարմազանովը Լևոն Զուրաբյանին համեմատեց Բուրբոնների հետ
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագծի զեկուցող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին համեմատեց Բուրբոնների հետ, որոնց մասին ասում են, որ` «ոչինչ չեն մոռացել ու ոչինչ չեն սովորել»:
Ըստ նրա՝ ՀՀ-ում ոչ իշխանական ուժերի ու ընդդիմության ճգնաժամ է: Շարմազանովի խոսքով՝ փաստաթուղթը ՀԱԿ-ի հետ ստորագրել է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, բայց նրանք այստեղ չեն. «Բացակաների մասին խոսում են կամ լավը, կամ ոչինչ: Ընդդիմության դաշտում է քաղաքական ճգնաժամ: Քննադատում են ոչ թե երևույթները, այլ անձերը»:
Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին չեն միանում՝ «պոլի փետից լինի, մեզնից լինի» սկզբունքից ելնելով, միացել են քաղաքական ուժի վերջին վագոնին, ու երբ այդ ուժը գերադասել է կառուցողական ճանապարհը, ցայտնոտի մեջ են ընկել, փորձում են Հռոմի պապից կաթոլիկ լինել. «7 հոգանոց ֆրակցիայով 9 երգ եք երգում: Ձեր ֆրակցիայի մեծամասնությունը այստեղ չի, սա խոսում է այն մասին, որ մտացածին, շինծու, արհեստական օրակարգ է»:
«Ձեր մեջ խոսում է վիրավորանքը, որ դուք քաղաքական դաշտում այլևս անելիք չունեք»,- հայտարարեց Է.Շարմազանովը: