«Հիվանդը դուք եք». Լևոն Զուրաբյանը՝ Խոսրով Հարութունյանին
«Մի օր կգա, ֆռոնտը չենք կարողանալու պահել: Պիտի մի հատ պատերազմ պարտվենք, որ հասկանա՞ք, որ ճգնաժամի մեջ ենք: Բոլոր կարմիր գծերին մոտեցել ենք՝ արտաքին պարտքի, ԿԲ-ի պահուստների և անցնելու ենք էդ գծերը, հետո ի՞նչ ենք անելու: Կորցնելու ենք մեր երկրի ներդրումային վստահելիությունը»,- այսօր ԱԺ նիստում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որը իշխանությունը չի կարողանալու անել, որովհետև ժողովուրդը նրան չի հավատում, որովհետև նրան չի ընտրել:
Ըստ Զուրաբյանի՝ կարող է մի երկու ուսուցիչ բռնել են ձևի համար, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է անձամբ իր սենյակում բիզնեսներից փող վերցնելով. «Պատմե՞մ, ասե՞մ, թե ինչեր են խոսում: Պատմում են մարդիկ, որ անձամբ են փող տվել ու գալիս մեր ականջներին են պատմում, բայց անուններ չեմ կարղ նշել, որովհետև կհայտնվեն նույն Գագիկ Ծառուկյանի վիճակում»:
«Մի կոռուպցիոներ էլ դուք եք: Դուք չգիտե՞ք, որ Սահմանադրությունը արգելում է զբաղվել բիզնեսով: Իսկ կարո՞ղ է մտածում եք, որ Երևանում կա մարդ, որ չգիտի՞, որ Խոսրով Հարությունյանը զբաղվում է բիզնեսով»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե անգամ ընդդիմությանն են համարում հիվանդ, ապա երկրի ամբողջ ղեկավարությունը իշխանության ձեռքին է, թող կառուցի այնպիսի երկիր, որ առողջ ընդդիմություն լինի. «Հիվանդը դուք եք»:
«Կոռեկտ շարադրեք Ձեր մտքերը: Իմ կենսափորձը բավարար է ոչ միայն Ձեզ, այլև մի ամբողջ քաղաքական ուժի հասկացնելու համար»,- ասաց Խ.Հարությունյանը՝ հավելելով, որ Զուրաբյանի հագուկապը խոսում է այն մասին, որ բիզնես ունի, իսկ եթե չունի, ուրեմն կոռուպցիոներ է, այլ ձևով է վաստակում իր ապրուստը:
«Ինձ չի կարող դաս տալ մի մարդ, որ լինելով վարչապետ, հանդես եկավ սեփական կառավարության ծրագրի դեմ ելույթով»,- իր հերթին հայտարարեց Զուրաբյանը: