Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին ավանդական դարձած սեմինարին մասնակցելու և պաշտպանական ոլորտում կանանց մտահոգող հարցերին պատասխանելու համար:
Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է վերջին տարիներին զինված ուժերում իրականացված բարեփոխումները, արձանագրված հաջողողությունները և բանակ-հասարակություն համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է պաշտպանական ոլորտում կանանց դերակատարությանը, նրանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներին` հավաստելով, որ տարեցտարի զինված ուժերում ավելանում է կին զինծառայողների քանակը:
Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև իր տեսակետներն ու դիրքորոշումները կանանց բարձրաձայնած մի շարք խնդիրների և առաջարկների վերաբերյալ, սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ պաշտպանական քաղաքականության տարբեր ասպետկներին, տարածաշրջանային մարտահրավերներին, հակառակորդի որդեգրած գործելաոճին և դրանց ի պատասխան ձեռնարկվող քայլերին:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը պարգևներ է հանձնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին և կանանց խորհրդի մի շարք ներկայացուցիչների:
ՀՀ պաշտպանության նախարարություն