Հովհաննես Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Եթե փախնեմ, բացառապես քո հետ եմ փախնելու՝ ձեռքդ բռնած»
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի նշած կետերը պատկան մարմինների՞ց են վերցված, թե՞ պատգամավորի գնահատականներն են. «Օրինակ, նշում եք, որ Թուրքիային օգնություն է ցուցաբերում: Դա ԱԱԾ-ն է տվե՞լ նման տեղեկատվություն»:
Ն.Փաշինյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ «չստուգված տեղեկություններ» եզրույթ մտցրեց, և եթե առաջին անձը կարող է չստուգված տեղեկություններ մտցնել շրջանառության մեջ, ապա իրենք էլ կարող են կիրառել և կրկնեց, որ ինքը դրանք կարող է ապացուցել ցանկացած ատյանի առաջ:
Նրա խոսքով՝ փաստաթղթում տեղ են գտել միայն այնպիսի տեղեկություններ, որոնք ստուգված և ապացուցված են, բայց Սերժ Սարգսյանի նորամուծությունից հետո կարելի է բազմաթիվ չստուգված տեղեկություններ նշել, օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը մի քանի միլիոն կաշառք է տվել պաշտոնի համար, Գագիկ Խաչատրյանը օրական մի քանի միլիոն է աշխատում, Հովիկ Աբրահամայնը օրը մի քանի միլիոն դոլարի կաշառք է վերցնում ու մի մասը փոխանցում Սերժ Սարգսյանին:
Փաշինյանը պարզաբանեց, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ԱԱ ռազմավարության անբաժանելի մաս է, իսկ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններում կետ է ներառել պատմական հանձնաժողով ստեղծելու և պատմական փաստերը ստուգելու համար:
Փաշինյանը փաստեց, որ նախքան ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը, 2000 թվականից ի վեր ամեն տարի Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի պետություններ, իսկ 2008թ. հայ-թուրքական դիվանագիտության մեկնարկից հետո ոչ մեկը չի ճանաչել, միայն 2010-ին Շվեդիան է ճանաչել, ապա գործընթացը կարծես վերսկսվում է 2014-ից հետո: Փաշինյանի բնորոշմամբ՝ Ս.Սարգսյանի աջակցությունը Թուրքիայի հենց դրանում է, որ տվել է լծակ, որ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու ժամանակ թուրքերը ցույց են տվել արձանագրությունները և գործընթացը կասեցվել է, այսինքն՝ Ցեղասպանությանը տվել է վիճելի կարգավիճակ, և նույնը տեղի է ունեցել Ղարաբաղի հարցում Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Հարակից զեկուցմամբ ելույթ ունենալով Հ.Սահակյանը հայտարարեց, թե տպավորություն է ստացել, որ Ն.Փաշինյանը ԱԺ-ում իր հայտարությունների ամփոփ հավաքածուն է բերել, որ քննարկեն, որովհետև հայտարարությունների ժամին այդ ամբողջն ասել է: Նա նշեց, թե նպատակահարմար չի գտնում նախագիծը քննարկել իրավական հարթության մեջ, և Սահմանադրության մեջ դրա բացատրությունները կան: Միաժամանակ, Սահակյանը նշեց, որ հասկանում է, թե ինչու է շրջանառության մեջ դրվում այս նախագիծն ու ասաց, որ գոնե հայ-թուրքականի մասով պետք է հանվեր կամ փոխվեր, որովհետև արձանագրությունները հետ են կանչվել:
«Այս խնդիրը իրավական հարթությունում քննարկել զուրկ է որոևէ իրավական հիմնավորումից և մեր քաղաքական թիմը դեմ է այն շրջանառության մեջ դնելու»,- հայտարարեց Սահակյանը:
Զ.Փոստանջյանը նշեց, որ հասկանալի է, որ նախագիծը չի կարող ունենալ հաջողություն, որովհետև աջակցություն չունի այլ ուժերի կողմից, բայց հանրության մեջ այդ մեղադրանքները կան և Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ պետք է նստի մեղադրյալի աթոռին ու մեղադրական դատավճռի արժանանա: Ըստ նրա՝ նման դատավարություն կկազմակերպվի Ազատության հրապարակում: Փոստանջյանը Սահակյանից հետաքրքրվեց՝ եթե իշխանության մաս չլինի՝ կգա՞, վկայություն կտա՞, թե՞ փախչելու է, թե՞ բացարկ է հայտնելու, որ մտերիմ մարդ է և իր հետ մեղադրյալի աթոռին է նստելու: «Կյանքը կարճ է»,- նկատեց նա:
«Եթե փախնեմ, բացառապես քո հետ եմ փախնելու՝ ձեռքդ բռնած: Ես փախչող չեմ»- հակադարձեց Հ.Սահակյանը: