Ռուստամյանը՝ Տեր-Պետրոսյանի քայլի մասին՝ «Հանդիպման չեն գնում՝ նախապես փաստաթուղթը խայտառակ որակելով»

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելուց առաջ չպետք է քննադատեր Համահայկական հռչակագիրը»,- «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետզրույցում նման կարծիք է փոխանցել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա ավելացրել է, որ թեև Տեր-Պետրոսյանը խելացի քաղաքական գործիչ է, սակայն կարող է 10 հաստատում անել, որից 8-ը շատ ճիշտ լինի, իսկ մնացած երկուսն այնպես թաքցված լինեն այդ 10-ի մեջ, որ ամբողջությամբ աղավաղեն այն իմաստն ու նպատակը, որի համար այդ ձեւակերպումները բերված են:

«Եվ հիմա սա այդ դեպքերից մեկն է»,- ընդգծել է Դաշնակցության բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը: Ռուստամյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն է Հայ դատի գործընթացի շարունակության ճիշտ ուղղությունը հասկանալու համար:

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նման նամակով պետք է դիմեր հանրապետության նախագահին, դրանից առաջ չպետք է քնադատության ենթարկեր հռչակագիրը: Հանդիպման չեն գնում՝ նախապես փաստաթուղթը խայտառակ որակելով: Չեն գնում հանդիպման՝ ասելու բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Նա քննադատում է Համահայկական հռչակագիրը։ Տեր-Պետրոսյանի համար անհասկանալի է Հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը պատմական արդարության մասին: Եվ նա մատնացույց է անում մեր Անկախության հռչակագիրը: Դրանով ինքը փաստում է, որ ինքը դեմ է եղել անկախության հռչակագրին…»:

Տեսանյութեր

Լրահոս