Դասախոսը մեղադրվում է կաշառքի 11 դրվագներով. դրանցից և ոչ մեկը չի ընդունում. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր սկսվեց «Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոսի դեմ 11 դրվագով կաշառք ստանալու վերաբերյալ գործով դատաքննությունը:
Հիշյալ բուհի ավագ դասախոս Սուրեն Եզեկյանը, ըստ մեղադրանքի, իր լիազորությունների շրջանակում համալսարանի որոշ ուսանողների օգտին գործողություններ կատարելու, այն է` ստուգարքները և քննությունները դրական գնահատելու, դիպլոմային աշխատանքներն ուսանողի փոխարեն գրելու համար 2011-2014թթ. ժամանակահատվածում պահանջել է և «Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ուսանողներից որպես կաշառք անձամբ ստացել է զգալի և խոշոր չափերով գումարներ:
63-ամյա Ս. Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 9 դրվագով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ կաշառք ստանալը, շորթմամբ կաշառք ստանալը և խոշոր չափերով կաշառք ստանալը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և որ այդ մասին իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ:
Գործով նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը կողմերին հայտնեց, որ դատարանը մերժել է գործը մեղադրողին վերադարձնելու՝ պաշտպան Ահարոնյանի միջնորդությունը: Պաշտպանական կողմը՝ որպես գործը մեղադրողին վերադարձնելու հիմք նշել էր, որ «արարքի որակումը ճիշտ չէ»: Դատարանը պարզաբանեց, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ դատարանն իրավասու չէ այդ հիմքով գործը մեղադրողին վերադարձնել:
Դատարանի սահմանած կարգի համաձայն՝ վկաների հարցաքննության ավարտից հետո կհետազոտվեն ապացույցները, վերջում ցուցմունքներ կտա ամբաստանյալը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: