Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել. Արսեն Բաբայան
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահի պահանջած լրացուցիչ տեղեկատվությունը պետք է ներկայացներ անձամբ, բայց չի ներկայացրել: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունից երեկ վերջնաժամկետից 10 րոպե առաջ ընդհանուր բաժին է հանձնվել պատասխան նամակը, դա հաշվի առնվելո՞ւ է, Ա.Բաբայանը պատասխանեց, որ երբ ԱԺ աշխատակազմը կամփոփի ուսումնասիրությունը, այդ ժամանակ պարզ կլինի՝ ընդունվե՞լ է Ն.Զոհրաբյանի անունից ներկայացվածը, թե՞ ոչ:
«Ես փաստացի ասում եմ, որ գրությունը, որ ուղարկվել էր լրացուցիչ պարզաբանման համար, Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել: Եթե գրությունն իրեն են ուղարկում, բնական չի՞, որ ինքը պետք է պատասխանի: Սուբյեկտն ինքն է, իր բացակայությունների հարցն է քննարկվում: Օրենքն ասում է, որ բացակայությունների վերաբերյալ ինքը պետք է ներկայացնի համապատասխան դիմում և տեղեկություններ»,- ասաց Ա.Բաբայանը:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահի տված հանձնարարության կատարումն ընթացքի մեջ է, դեռ չի ավարտվել, իսկ երբ աշխատակազմն իր եզրակացությունը տա, այդ ժամանակ կլինի ԱԺ նախագահի որոշումը: Ընդ որում, Ա.Բաբայանն ընդգծեց, որ որոշում պետք չէ հասկանալ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական առումով, և այդ ժամանակ կլինի լրացուցիչ հայտարարություն: Նա հավելեց, որ ուսումնասիրության համար կոնկրետ ժամկետ սահմանված չէ, պետք է ավարտեն սեղմ ժամկետներում: