Բաժիններ՝

«Նոր հաղթանակների հասնելու համար պետք է ներքին հակասությունները հնարավորին չափով թուլացնել». Ալբերտ Նալչաջյան

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ մենք այսօր շատ ենք զբաղվում Ցեղասպանության խնդիրներով. անընդհատ հիշեցնում ենք անցյալը: Իսկ այն դրույթը, թե այսօր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, որպեսզի նորից չկատարի նույն հանցանքը, ըստ հոգեբանի, ներշնչում է ժողովրդին, որ Թուրքիան կարող է նորից այդ հանցագործությունը կատարել և գործը հասցնել մինչև վերջ, մինչդեռ, իրականում՝ մենք պետք է մարդկանց մեջ մտցնենք այն գաղափարը, որ թուրքերն այլևս չեն համարձակվի դա կրկնել: «Թուրքն այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են՝ ելնելով անցյալի դեպքերից. այս մտածողությունը պետք է զգալի չափով փոխվի»,- ասում է հոգեբանը:

Հոգեբանի կարծիքով՝ Ցեղասպանության և դրա ճանաչման հարցերով պետք է զբաղվել, բայց չպետք է հենց ժողովուրդը դրանով զբաղվի ամեն օր: Ըստ նրա, դրանով պետք է զբաղվեն լավ պատրաստված մասնագետները, իրավաբանները, քաղաքագետները, գուցե՝ նաև հոգեբանները. «Պետք է նյութերն ուսումնասիրեն ու ներկայացնեն՝ որտեղ հարկն է՝ առանց մեծ աղմուկի և առանց ժողովրդին անընդհատ այդ հարցով մոբիլիզացնելու, որովհետև դա անհանգստություն է առաջ բերում, շատ ժամանակ է խլում: Մարդիկ անհանգստանում են, չեն կարողանում կենտրոնանալ: Ի դեպ, այդ նոր ցեղասպանության վախը նաև արտագաղթի հոգեբանական պատճառներից մեկն է հանդիսանում: Մենք չպետք է վախեցնենք ժողովրդին, պետք է ներշնչենք, որ հիմա ուրիշ ժամանակներ են, իհարկե, հաշվի առելով այն փաստը, որ թուրքական վտանգը կա, ադրբեջանականը կա, դրանք ակնհայտ են, բայց մենք ի վիճակի ենք դիմագրավելու, և, ի վերջո, մենք ունենք նաև ինչ-որ դաշնակիցներ, որոնք այս կամ այն չափով հուսալի են»:

Հոգեբանի խոսքով՝ տվյալ դեպքում չպետք է Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերել: Շատ նյութեր ուսումնասիրելու արդյունքում՝ Ա. Նալչաջյանը հանգել է այն մտքին, որ եթե հայ ժողովրդի համար դժվարին իրադարձություն ծագի, միակ հզոր պետությունը, որը կարող է ռազմական ուժով օգնության հասնել մեզ՝ Ռուսաստանն է:

Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակները, ըստ հոգեբանի, նույնպես ժողովրդի մեջ փոխեցին այդ վախի զգացողությունը, բայց խնդիրն ունեցած հաղթանակն ամրապնդելն է, և դա պետք է անել քաղաքական, դիվանագիտական տեսակետից, չպետք է զիջումների գնալ: Ա. Նալչաջյանի խոսքով՝  ժողովուրդը հազիվ կարողացել է երկար ժամանակ անց վերականգնել արժեքներ, հաղթանակ տանել, հետ բերել տարածքներ, որը շատ կարևոր է, և հաշվի առնելով այդ ամենը՝ հոգեբանը կարծում է, որ մեր այսօրվա դիվանագիտությունն այն բարձրության վրա չէ, որը պետք է լինի:

«Պետք է հարցը կտրուկ դնել. սրանք հայկական հողեր են, հայ ժողովուրդն ազատագրել է միայն մի փոքր մասն այդ հողերի, և հայրենիքի գաղափարը պետք է անպայման շեշտել: Մեր գիտության բնագավառում հայրենիքն ունի 2 հասկացողություն. մեկն էթնոգենետիկ հայրենիքն է, այսինքն՝ այն տարածքը, որտեղ ծնվել է այդ ժողովուրդը, սկզբնավորվել ու ձևավորվել է: Մյուս հասկացողությունը՝ հայրենիք, որտեղ ապրում է այդ ժողովուրդը: Արևմտյան Հայաստանը մեր էթնոգենետիկ հայրենիքն է, իսկական իմաստով հայրենիքը՝ որտեղ ծնվել է մեր ժողովուրդը, մինչդեռ թուրքերի համար այդ հայրենիքը գրավված ու նվաճված տարածք է, և թեև զգալի մասին ոչնչացրել են, բայց հողերի տերերը կան ու դեռ ապրում են և իրենց պահանջներն ունեն»,- ասում է Ա. Նալչաջյանը:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նաև նշում է՝ հաղթանակներին հասնելու համար պետք է ներքին հակասություննները հնարավորին չափով թուլացնել, քանի որ, ըստ նրա, քաղաքական պայքարը շատ վտանգավոր բան է, այն սրվում է երբեմն այն աստիճան, որ մարդը մոռանում է հայրենիքի շահերի մասին:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս