Ժամանակները փոխվել են. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Մեկը սրամտեց. «ԲՀԿ-ի ներսում հայտնաբերվել է «Էդո» գաղտնի կառույցը»:

Երիտասարդ ընթերցողներին տեղեկացնեմ. ակնարկը վերաբերում է 1994 թվականին հայտնաբերված ՀՅԴ «Դրո» կառույցին, ինչը հիմք դարձավ այդ կուսակցության գործունեությունը կասեցնելու եւ դաշնակցականներին հետապնդելու համար:

Այստեղ, իհարկե, թացն ու չորը խառնվել են, որովհետեւ «Դրոյի» անդամներն իսկապես կատարել են սպանություններ, որոնց համար նրանցից ոմանք առ այսօր ազատազրկված են: Ուրիշ հարց, որ դատավարություններից հետո հիմք չկար տարիներ շարունակ արգելված պահելու ամբողջ կուսակցությունը եւ նրա թերթերը: Ավելի ուշ նույնպես մենք հանդիպում էինք նման երեւույթների: Օրինակ՝ երբ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության անդամներին զանգվածաբար ենթարկում էին վարչական կալանքների:

Կամ՝ հետապնդում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Այսօրվա վիճակը մի քիչ հիշեցնում է այս բոլոր պատմությունները: Ճիշտն ասած, ես կասկած չունեմ, որ ԲՀԿ-ականների մի մասը իսկապես ապօրինի զենք ունի, իսկապես հարկեր չի վճարում, իսկապես տարբեր տեսակի «որջեր» է պահում, իսկապես պատրաստ է ջարդել իրեն դուր չեկած մարդկանց քիթ-մռութը: Այդ «զանգվածում» ջութակի դասատուներ չկան, բոլորը «լավ տղերք են»: Բայց նույնը, եթե ոչ՝ ավելին, կարելի է ասել ՀՀԿ-ականների որոշակի զանգվածի մասին: Ընտրովի արդարադատություն չպիտի լինի:

Այդքանով հանդերձ՝ կան շոշափելի տարբերություններ: Երբ ներկայումս մեծ դեմոկրատ դարձած Ռոբերտ Քոչարյանը փակել էր «Ա1+»-ը, գրեթե բոլոր լրատվամիջոցները, փոխանակ այդ փակված հեռուստաընկերությանը աջակցություն հայտնեին, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված խնդիրներ չկան:

Որովհետեւ վախենում էին, որ երկրորդ նախագահը իրենց հերն էլ կանիծի: Հիմա` եթե, ենթադրենք, նախագահ Սարգսյանը փակի «Կենտրոնը» (հուսով եմ՝ դա տեղի չի ունենա), ինձ թվում է՝ լրատվամիջոցներից շատ քչերը կողջունեն այդ քայլը: Հասարակությունը փոխվել է` վախի մթնոլորտ չկա: Եվ դա դրական երեւույթ է»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս