Տիգրան Ուրիխանյան. «Քաղաքական մրցակության ձևաչափը նրանց համար վերածվում է քաղաքական թշնամանքի»

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերի ընթացքում, պետք է որևէ մեկի մոտ այլևս որևէ զարմանք չհարուցի: Ամեն բան արվելու է համաժողովրդական ալիքի դրսևորմանը խանգարելու, խոչընդոտելու, պրոբլեմներ ստեղծելու համար: Բա բնական է, բա ի՞նչ պիտի անեն: Քաղաքական մրցակության ձևաչափը նրանց համար վերածվում է քաղաքական թշնամանքի, այդ թվում, այսպես կոչված՝ անթույլատրելի պրյոմների գործածությամբ: Իմ անձնական կարծքին է, որ չի կարելի որևէ բանից վարանել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին եռյակի գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պատասխանին:

Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ շտապ հավաքի անցկացման հիմք չկա, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին:

Մեր հարցին, այնուամենայնիվ հանրահավաքը կայանալո՞ւ է, Տ. Ուրիխանյանը պատասխանեց, թե հայտնում է իր անձնական տեսակետը: Ճշտմանը, թե կիրակի օրը եռյակի հայտարարությունից հետո որևէ այլ որոշում կայացվե՞լ է, ԲՀԿ խոսնակը ասաց՝ «որևէ այլ որոշում չկա»:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումից հետո համատեղ մամուլի հաղորդագրություն տարածվեց, որում, մասնավորապես, ասվում էր. «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս