Համլետ Հարությունյանը բացառում է, որ առաջիկայում ձերբակալություններ ու ռեպրեսիվ գործողություններ կլինեն
«Երկրորդ նախագահն իր կարծիքն է ասել, ի՞նչ մեկնաբանեմ: Դեռ ոչ մի ձերբակալություն չի եղել, կամ որևէ գործողություն դեռ չի եղել: Մնացածն ինչ նախագահը հայտարարել է, օրենքի շրջանակների մասին է խոսել: Այն, ինչ օրենքով է, դա իրավական է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը, որում Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի դեմ ցանկացած գործողություն բոլորի կողմից գնահատել է որպես քաղաքական հետապնդում և հայտարարել է, թե «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:
Հարցին՝ ԲՀԿ ղեկավարի դեմ գործողությունները քաղաքական հետապնդում չեք համարո՞ւմ, Հ.Հարությունյանը հարցով պատասխանեց, թե ընդհանարպես, կոնկրետ այս պահին ի՞նչ հետապնդում է իրագործվում: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը իրավական դաշտում է. «Մանդատից զրկելը ԱԺ նախագահի իրավասության տիրույթում է և ինքը կարող է զրկել մի քանի պատճառով, որոնցից մեկը բացակայություններն են: Չեմ կարծում, որ ԱԺ նախագահը որևէ հակաօրինական բան որոշի»:
ՀՀԿ-ական պատգամավորը բացառեց, որ առաջիկայում իրավիճակը կարող է սրվել, ձերբակալություններ ու ռեպրեսիվ գործողություններ կարող են լինել. «Չեմ կարծում, ինչ էլ որ լինի, օրենքի դաշտում է լինելու: Հիմա, ենթադրենք, էս գիշեր ինչ-որ մեկը հանցագործություն է կատարում, ձերբակալեն, դա ի՞նչ է նշանակում՝ հետապնդո՞ւմ, թե՞ օրենքի կիրառում»: