Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը` Եվրոպայի Խորհրդի ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Դորգովա-Դրեյերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին` կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Իյան Սմիթը և Թոմ Համելթոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում նախարարության և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող մի շարք նախագծեր, մասնավորապես, “Եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման և բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի” նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է` ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները` պայքարի արդյունավետ կիրառությունն ապահովելու և ԵՄ ինտեգրումն ավելի զարգացնելու համար:
Ողջունելով ԵԽ պատվիրակությանը` նախարարը նշել է, որ ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿԳՆ 2014-16 թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ կիրառմանն ուղղված փորձագետների առաջարկությունները և հնարավոր ռիսկերի գնահատումը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների` կոռուպցիոն ռիսկերը ՀՀ բուհերում բավականին նվազել են: “”Թրանսփերենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն` կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում կրթությունը չի մտնում: Այո, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել, սակայն դեռևս չի հաջողվել հասնել դրա իսպառ վերացմանը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ավելի մեծ թվով շահառուներ ներգրավել`ուսանողներ, դասախոսներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր ավելի տեղեկացված կլինեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին:

Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ: Ըստ նախարարի` այս խնդրում շատ կարևոր է մտածելակերպի և բուհերի կառավարման մշակույթի փոփոխությունը: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ վերջին տարիներին ՀՀ բուհերին տրվել է ավելի մեծ ինքնավարություն. բուհերը ՊՈԱԿ-ներից աստիճանաբար վերածվում են հիմնադրամների: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրական ոլորտում:

Կատյա Դորգովա-Դրեյերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը` ընդգծելով, որ հենց նախարարության նախաձեռնությամբ է իրականացվում վերոնշյալ ծրագիրը: Նա նաև բարձր է գնահատել նախարարության և Եվրոպայի Խորհրդի արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների և մասնավոր հատվածի ներգրավվածության խնդրին:

ԿԳՆ

Տեսանյութեր

Լրահոս