Շվեդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Քուիկն ընդգծեց, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչի մասին վկայում է Երևանում Շվեդիայի դեսպանության հիմնումը: Դեսպան Քուիկը վստահեցրեց, որ իր գործունեության ընթացքում կանի առավելագույնը` երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, գործարար կապերի ընդլայնումը։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս