Վաղը Գագիկ Ծառուկյանին կզրկե՞ն ԱԺ պատգամավորի մանդատից. armtimes.com

armtimes.com աղբյուրներից հայտնի դարձավ, որ վաղը՝ երկուշաբթի առավոտյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկելու Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու մասին արձանագրություն: Սա նշանակում է, որ երկուշաբթի երեկոյան կամ կեսօրին ԿԸՀ-ն ի գիտություն կարող է ընդունել այդ արձանագրությունը եւ Գագիկ Ծառուկյանը դե յուրե պատգամավոր չի համարվի:

Սա անսպասելի զարգացում է, որովհետեւ բոլորը սպասում էին, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը պետք է մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ, հարցը քննարկվի եւ քվեարկության դրվի: Համենայնդեպս, այդպես նախատեսված է ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածով: Բայց 2013 թվականի ապրլի 16-ին ՍԴ-ն ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա կայացրել է որոշում, ըստ որի հակասահմանադրական եւ չեղյալ է ճանաչել այն դրույթները, երբ նստաշրջանի կեսից ավելիից բացակայած պատգամավորների հարցը պետք է մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ եւ այդ հարցով պետք է կայացվի որոշում:

Հանրապետական իրավաբանները այդ որոշումը մեկնաբանելով ասում են, որ ՍԴ այդ որոշումից հետո քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները պետք է դադարեն Սահմանադրության 67-րդ հոդվածի ուղիղ գործադրմամբ, այսինքն՝ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրության հիման վրա: Արձանագրությունը ԿԸՀ-ն պետք է ընդունի ի գիտություն:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում: Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս