«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանը 20 տարեկան է
Փետրվարի 15-ին «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը: Վարժարանի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար կրթօջախ էր այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին և հյուրերին՝ ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը հակիրճ ներկայացրեց կրթօջախի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` հպարտությամբ նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել և իբրև հասարակության լիարժեք անդամների կյանք է ճանապարհել ավելի քան 1470 շրջանավարտների, որոնցից շատերն այսօր դարձել են հայոց բանակի բարձրաստիճան սպաներ: Գնդապետը հավելել է նաև, որ վարժարանը հավատարիմ է մնում իր կարգախոսին, այն է` չբավարարվել ձեռքբերված հաջողություններով:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանն այսօր իր ուրույն դերակատարությունն ունի մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրներում: Համոզմունք հայտնելով, որ վարժարանի անձնակազմը հետայսու ևս կշարունակի հայրենասիրական ոգով ու մարդկային բարձր որակներով կրթել ու դաստիրակել կրթօջախի սաներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում. այն արդյունքն է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանքի: Աշխատանք, որը միտված է բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների համար ռազմական գործին քաջատեղյակ կադրերի պատրաստմանը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ներկա և նախկին սաները, ներկայացուցիչներ ուսուցչական անձնակազմից:
Հանդիսավոր միտինգին հաջորդած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ինչպես նաև մի խումբ ուսուցչներ և ազատամարտիկներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով և նվերներով:
Տոնական միջոցառումն էլ եզրափակվեց վարժարանի սաների ցուցադրական ելույթով և շարային հանդիսավոր երթով և անօդաչու թռչող սարքերի ցուցադրությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարություն