
Տաթևի վանքի հարակից գյուղերից շուրջ երեսուն նորապսակ զույգեր մասնակցեցին Տեառնընդառաջի տոնական միջոցառումներին

Տաթեւի վանքի հարակից գյուղերից շուրջ երեսուն նորապսակ զույգեր այս տարի առանձնահատուկ կերպով նշեցին Տեառնընդառաջի տոնը: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, նորապսակների օրհնության կարգ կատարվեց, որին հաջորդեցին տոնական միջոցառումները:
Տեառնընդառաջի տոնակատարությունների եւ նորապսակ զույգերին համախմբելու նախաձեռնությունը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին, որն իրականացնում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:
Օրհնության կարգից հետո, որի ժամանակ, շարականների կատարումով հանդես եկավ նաեւ Տաթեւի երգչախումբը, նորապսակներն ու համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան վայելելու մայրաքաղաքից հրավիրված պարային համույթի եւ երաժիշտ կատարողների ելույթները: Զույգերի համար նաեւ ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն էր ստեղծվել:
«Մեր նպատակը ոչ միայն «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է, այլեւ մշակութային կյանքի աշխուժացումը, նաեւ ավանդություններն ու սովորույթները ներկայացնող հետաքրքիր միջոցառումների կազմակերպումը, որոնք կարող են տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնել այցելուների եւ զբոսաշրջիկների համար: Նախորդ տարի, օրինակ, մենք Տաթեւի հարակից գյուղերում «Ոչխարների խուզման» փառատոն նախաձեռնեցինք, որը նախատեսում ենք այս տարի եւս կազմակերպել: Ուրախ ենք, որ այս բոլոր նախաձեռնություններն ստանում են նաեւ բնակիչների աջակցությունը»,-ասաց «Տաթեւի վերածնունդ» ծրագիրի ղեկավար Հայկ Թութունջյանը:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետարանին եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: Նորապսակ զույգերին նաեւ նվերներ մատուցվեցին:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին