
Քաղաքացիները նույնպես պետք է ուշադիր լինեն ապրանքների պիտանելիության ժամկետների նկատմամբ

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լեւոն Սարգսյանն հրավիրել էր մամլո ասուլիս, որը ծառայության գործունեության ընթացքում առաջինն է։ Ոչ այնքան երկար կյանք ունեցող ծառայությունը հասցրել է իր գործունեության ընթացքում հանրապետության տարբեր տեղամասերում իրականացնել սննդի անվտանգության ստուգումներ, դիտարկումներ։
«Տեսչական օպերատիվ դիտարկումների շնորհիվ՝ 2014-թ-ի փետրվարից դեկտեմբեր ամիսը ներառյալ ոչնչացվել կամ օգտահանման նպատակով վաճառքի շուկայից հանվել է 1տ 448.89 կգ կաթնամթերք, 1տ 296.025 կգ մսամթերք, 32 կգ ձկնամթերք, 1529 փաթեթ տարբեր տեսակի ապրանքատեսակներ, 6896 ձու եւ 769 լ հյութ: Ինչպես նաեւ վերացվել է 308,000 ձվի մակնշման թերությունը՝ համապատասխանեցնելով անհրաժեշտ պահանջներին»,- նշել է ծառայության պետը։
Սննդամթերքի անվտանգության, որակի եւ օպերատիվ հսկողության տեսչության կողմից հաշվառվել է 1200 տնտեսվարող սուբյեկտ, բացի Ստեփանակերտ քաղաքից ընդհանուր շրջաններում դիտարկում է իրականացվել 50 համայնքներում` ներառյալ շրջկենտրոնները:
Տեսչության պետի խոսքով՝ չեն եղել առեւտրի այնպիսի կետեր, որտեղ ժամկետանց սնունդ հայտնաբերվի 2 անգամ։ Չցանկանալով նշել ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի անուններ՝ Լեւոն Սարգսյանը նշել է, որ նշանակություն չունի, թե ում է պատկանում առեւտրային կետը, կարեւորը բնակչությանը ժամկետին համապատասխան սնունդ տրամադրելն է։ Համարելով, որ թարմ սննդի որակը վերահսկվում է նորաստեղծ տեսչության կողմից՝ նա նաեւ հավելել է, որ քաղաքացիները նույնպես պետք է ուշադիր լինեն ապրանքների պիտանելիության ժամկետների նկատմամբ։