Բալասանյանը որ րոպեին տեսնի՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է դառնում, կփախչի Գյումրիից. 1in.am

1in.am-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ

– Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց Գագիկ Ծառուկյանի հասցեին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա սկսեցին այս մասին խոսել, որ նա քաղաքական դեմք չէ, խոսեց մանդատից զրկելու և այլնի մասին: Ձեր գնահատականը երեկվա ելույթին:

– Ես մի բան կարող եմ ասել. մեր երկիրը խաղալիք չէ: Ես հիշում եմ, որ ԲՀԿ-ն պաշտպանում էր այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանին ու ամեն ինչ կապում էր Սերժ Սարգսյանի հետ: Բայց, ցավոք սրտի, եղան նրանց այս վերջին ելույթները՝ արտահերթ ընտրություններ և այլն: Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում. որ մի երկու տարի առաջ պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, անցավ երկու տարի ինչ-որ մի բա՞ն փոխվեց: Ի՞նչն է դա, ես ուզում եմ դա հասկանալ: Այսինքն՝ մեր ժողովուրդը խաղալիք չէ, որ րոպեին ինչ ուզեք՝ անեք: Շատ ճիշտ գնահատական է տվել:

– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ում բոլորը քաղաքական դեմքե՞ր են, մի՞թե ՀՀԿ-ն էլ ինքնամաքրվելու խնդիր չունի:

– Այո, ՀՀԿ-ն էլ ինքնամաքրվելու խնդիր ունի, բոլորն էլ ինքնամաքրման խնդիր ունեն: Եթե մարդ բիզնեսմեն է, ապա թող իր գործով զբաղվի, ես դրա կողմնակիցն եմ: Այսօր, ցավոք սրտի, մարդիկ իրենց տեղում չեն: Խոհարարը կարող է զբաղվել քաղաքականությամբ ու ասել, որ ես առաջին դեմք եմ: Հետո առաջին դեմքի պահով մի քիչ զգաստ պետք է լինել, ով տեղից վեր կենա՝ պետք է ասի՝ ես նախագա՞հ եմ ուզում դառնալ: Պետք է ճանապարհ անցած լինեն, պետք է իրոք քաղաքականության մեջ ինչ-որ բան հասկանան, պետք է ողջ հայոց խելացի ազգը ներկայացնեն ուրիշ երկրներում նախագահների մոտ: Ի՞նչ է, իրենք այդպես մտավոր պաշարներո՞վ են: Ասենք՝ բոյով է, ջանով է, բայց հո դրանո՞վ չեն դառնում նախագահ: Հիմա հո թրի դարը չէ՞, պետք է այլ մտածելակերպ լինի:

– Գյումրին ունի ԲՀԿ-ական քաղաքապետ: Ի՞նչ եք կարծում՝ նրան ի՞նչ է սպասվում:

– Ես չգիտեմ՝ նա ԲՀԿ-ական է, ՀՀՇ է, կոմունիստ է, կոմսոմոլ է, ինքը հիմա կփախչի, որ րոպեին տեսնի՝ ընդդիմություն է դառնում ԲՀԿ-ն: Այդ մարդուն ի՞նչ ասեմ. իր ապրած կյանքը ցույց է տալիս դա, բոլորն էլ գիտեն, թե ով է ինքը: Նրան ոչ ոք իրավունք չունի վստահել, նա անհուսալի մարդ է՝ անողնաշար, իսկ անողնաշար մարդուն վստահել չի կարելի: Որ ասենք՝ ինքը սկզբունք ունի, ուրեմն այդ կուսակցության ծրագրերն իրեն հոգեհարազատ են, և դրա համար ինքը մտել-դարձել է ԲՀԿ-ական… Ինքը դիմում էր տվել ՀՀԿ մտնելու համար, դրանից առաջ ՕԵԿ էր, կոմունիստ էր, ՀՀՇ էր, ժամանակին դաշնակ էլ եղած կլինի: Այդպիսի մարդիկ մտածում են միայն պաշտոնի, փողի մասին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս