Արմեն Մուրադյանը ՌԴ առևտրային ներկայացուցչի հետ քննարկել է BRICS երկրների հետ համագործակցությունը
Հ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հայ-ռուսական երկարամյա համագործակցությունն առողջապահական ոլորտում, ինչի վկայությունն է նաև 2014 թվականին Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության ժամանումը Հայաստան: Նախարարը պատահական չհամարեց, որ Վերոնիկա Սկվորցովան բազմիցս նշել է Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և առողջապահության համակարգի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող անվանի բժիշկների տեղի և դերի կարևորությունը:
«Մենք մշտապես պատրաստ ենք նոր ծրագրեր կյանքի կոչելու ռուս գործընկերների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Որպես Ռուսաստանի հետ համագործակցության լավագույն օրինակ` նա մատնանշեց համատեղ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակում ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև շարժական բժշկաախտորոշիչ համալիր` մոբիլ կլինիկա:
«Նման մոբիլ կլինիկաները նպաստում են հատկապես հեռավոր մարզերում, բարձրլեռնային գոտիներում, բնակչության անհրաժեշտ բժշկական օգնության ապահովմանը»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Նրա գնահատմամբ` BRICS երկրների աջակցությամբ ՀՀ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների արդիականացման խնդիրը լուծելը կարևոր ծրագրային մոտեցում է առողջապահության բնագավառի համար:
Արմեն Մուրադյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հետ համագործակցության ընդլայնում է տեսնում նաև շտապ բուժօգնության ծառայության զագացման և արդիականացման, դեղագործության բնագավառում համատեղ կլինիկական հետազոտություններ իրականացնելու, տեղեկատվության միասնական էլեկտրոնային համակարգի ուղղություններում: Որպես հեռահար նպատակ նախարարն առաջարկեց ռուս-սլավոնական համատեղ բժշկական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա երկու երկրի մասնագետներին ներդնել առողջապահական ոլորտի լավագույն փորձն ու նորագույն տեխնոլոգիաները:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ներկայացրեց BRICS երկրների հետ առողջապահության բնագավառում հնարավոր համագործակցությունը:
Նշենք, որ BRICS երկրներից ՀՀ առողջապահության նախարարությունն առավել ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այս երկրների հետ կան ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, գործողության պլաններ, որոնք իրավական հիմք են ստեղծել փոխշահավետ գործակցության համար:
Ամփոփելով հանդպումը` նշվեց, որ ծրագրերը և առաջարկները կդիտարկվեն և կընդգրկվեն BRICS երկրների հետ համագործակցության ծրագրային առաջարկների փաթեթում:
ՀՀ առողջապահության նախարարություն