Այն, ինչ հնչեցնում է Ծառուկյանը, ուղղակի խարխլում է մեր ազգային անվտանգությունը. Գագիկ Մինասյան. tert.am

Ես ամբողջությամբ կիսում եմ ՀՀ նախագահի ելույթում ներկայացված դրույթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Նա կարծում է, որ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այդ նույն եզրահանգումները անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը, թե՝ ոչ։

Գագիկ Մինասյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթի սկզբում «հոխորտում էր»՝ ասելով, որ նույնիսկ իշխանությունների անզգույշ խոսքը կբերի նրան, որ նա փողոցներ կհանի հարյուր հազարավոր մարդկանց: «Դա անթույլատրելի է և ուղղակի վտանգ է մեր ազգային անվտանգությանը, շանտաժ է, որը որևէ  իշխանություն, որն իր վրա վերցրել է պետության կառավարման ղեկը` իր քաղաքացիների տված մանդատների շնորհիվ,  չի կարող հանդուրժել: Իսկ եթե հանդուրժի այդպիսի շանտաժ, դա կնշանակի, որ ինքն ուղղակի տանում է պետությունը դեպի փլուզում»,- ասաց նա:

Հարցին, թե նոր պարզ դարձան այդ որակները, չէ՞ որ ԲՀԿ- հետ ՀՀԿ-ն կոալիցիա է կազմել, պատասխանել է.

«Մեր շատ գործընկերներ իրենց ելույթներում կոչ են անում լինել ներողամիտ և հանդուրժող: Իհարկե, ներողամիտ և հանդուրժող լինելը դոմինանտ քաղաքական ուժի ամենակարևոր հատկություններից մեկն է և Հանրապետական կուսակցությունը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ և ներողամտությամբ, առանձնացել է խնդիրները քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով լուծելու մոտեցմամբ, սակայն այնքան ժամանակ մինչև դիմացի քաղաքական ուժի գործերը չեն վտանգում մեր ազգային անվտանգությանը»:

Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե Ադոլֆ Հիտլերը՝ լինելով բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն կոտորեց 40 միլիոն մարդ երկրագնդի վրա, Գագիկ Մինասյանն ասել է.

«Հավանաբար Ադոլֆ Հիտլերին պարոն Ուրիխանյանն իր կրթական մակարդակով համեմատում է պարոն Ծառուկյանի կրթական մակարդակի հետ, և այդ պարագայում նա թերևս իրավունք ունի այդպես ասելու, սակայն բնական է, որ Ծառուկյանի մակարդակը չափանիշ չէ, որպեսզի Հիտլերի մակարդակը նրանով համեմատվի: Եթե այդպես է, թերևս ավելի ճիշտ կլիներ համեմատվել Ռուզվելտի կամ Չերչիլի մակարդակին, որոնց պատմությունը ստիպել էր, որպեսզի որպես ախոյան հանդես գան Ադոլֆ Հիտլերին և նաև իր կրթական ցածր մակարդակի պատճառով, ինքը տարավ իր ժողովրդին կործանման»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս