
«Անահիտ»-ն անվճար ցուցադրվում է մարզերում, Արցախում և Ջավախքում

Մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ մուլտֆիլմի ցուցադրությանը նախորդել է ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մուլտֆիլմի ռեժիսոր Վահրամ Սահակյանցը ողջունել է Մարտունի քաղաքի դպրոցահասակ հանդիսատեսին և բացահայտել «Անահիտ»-ի ստեղծագործական մտահղացումները, գեղագիտական ու դաստիարակչական նշանակությունը:
Նույն աղբյուրի համաձայն, «Անահիտ» մուլտֆիլմն անվճար ցուցադրվում է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում: Գեղարքունիքի մարզում առայժմ առաջին և միակ ցուցադրությունը կազմակերպվել է Մարտունիում: