«Գնել Թևոսյանը շատ վախկոտ տղա է եղել». ՀԺ
«ՀԺ»-ն գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թեւոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է։
Գնելը Զարմիկ Մարկոսյանի կրտսեր որդին է, ընտանիքի երրորդ երեխան, նա ունի նաեւ մեկ քույր եւ մեկ եղբայր։ Զ.Մարկոսյանի ավագ որդին՝ Նարեկ Թեւոսյանը, նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պայմանագրային զինծառայող Է եղել։ Կատարված դեպքից հետո, սակայն, նույնպես դուրս է եկել ինստիտուտից։
Հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը, նաեւ Գնել Թեւոսյանի հայրը՝ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը։
Գնդապետ Զ.Մարկոսյանի հետ միեւնույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովը զարմացած էր կատարվածով։ Ըստ Գ.Ասատուրովի, Զարմիկի որդին նման բան չէր կարող թույլ տալ։ «Նրանք անձամբ ասել են՝ եթե պարզվի, որ մեր որդին մասնակից է եղել այդ սպանությանը, անձամբ ամեն ինչ անելու ենք, որ արժանի պատիժ կրի»,– ասաց Ասատուրովը՝ հավելով, որ ինչքանով ճանաչում են Գնելին, նման արարքի ընդունակ չէր։ «Չեմ կարողանում պատկերացնել, մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էտ երեխեն, շատ վախկոտ երեխա էր, ո՞նց է էտպիսի բան արել, անհավատալի է»,– ասաց Գրիգորի Ասատուրովը։
Վերջինս պատմում է, որ Զարմիկ Մարկոսյանը տարիներ առաջ Ռուսաստանի իր բավականին բարեկեցիկ կյանքը թողել եւ արցախյան պատերազմի դժվարին օրերին եկել է Հայաստան հայրենիքը պաշտպանելու։ «Նա այդ մարդը չէր, որի տղան նման արարք թույլ տար, մի բան այն չի եղել, միգուցե, որ պաշտոնյայի որդի է եղել, աչքի է ընկել, չգիտեմ»,– մեր զրույցում նշեց Գրիգորի Ասատուրովը։
Գնելի հարեւանների կարծիքը նրա մասին նույնն էր։ Նրա հասակակից տղաներից մեկը, ի պատասխան մեր հարցի, թե արդյո՞ք շրջապատում, բակում ագրեսիվ եւ կռվարար վարք չի ցուցաբերել Գնելը, ասաց, որ նման վարքագիծ չեն նկատել՝ նա շատ վախկոտ տղա է եղել»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։