Ս. Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին (տեսանյութ). ԳԱԼԱ
Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում 76-ամյա թոշակառուն հուզմունքով էր պատմում, թե ինչպես է մեծ դժվարությամբ հետերկրաշարժյան աղբակույտերը մաքրել, ցանկապատել է ամայի տարածքը, վերածել մշակված հողակտորի:
Անցած տարիների ընթացքում նաեւ բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ այն սեփականացնելու համար, սակայն ասել են, որ լավագույն դեպքում տարածքը կարող են վարձավճարով տրամադրել քաղաքացուն, քանի որ այն քաղաքապատկան է եւ չի վաճառվում:
Սակայն մի քանի օր առաջ Աշոտ Ջանիկյանի հարեւանները զանգահարել ու տեղյակ են պահել, որ ՌԴ զորամասի մի քանի ներկայացուցիչներ եկել ու քանդել են տվել փշալարերը, ցանկապատը, տարածքում գտնվող փոքրիկ տնակը:
«Հիմի կուզեմ իմանամ՝ ովքե՞ր են եկել ավիրել, իմ էդքան տարիների աշխատանքը ջուրը լցրել, ես տարածքը փակել էի ու տեղյակ չեմ եղել, ինձ հարեւաններս զանգեցին, ասեցին, որ ռուսներն եկել են, սաղ կտրատել են փշալարերը: Հաջորդ օրն էկա, տեսա՝ էս անմխիթար վիճակը: Գնացի չաստ՝ ասի ճշտեմ՝ ինչի՞ են եկել ռուս աֆիցերները էդպիսի բաներ արել, ե՞րբ են տվել տարածքը իրանց, ի՞նչ են անելու այստեղ, բայց զինվորները չթողեցին ներս մտնել, անգամ չլսեցին, թե ինչ հարց ունեմ»,-պատմեց 76-ամյա Աշոտ Ջանիկյանը: