Աշոտ Գրիգորյանը նամակ է գրել Բարաք Օբամային

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ Նախագահության անունից նամակ է հղել ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային` կոչ անելով, զերծ մնալ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ կասկածելի հաղթանակի նվիրված միջոցառմանը մասնակցելուց: Ստորև ներկայացվում է նամակի տեքստը` հայերեն և անգլերեն տարբերակներով:

ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային

Ձերդ գերազանցություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության անունից դիմում եմ բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ կասկածելի հաղթանակի շուրջ, զերծ մնան մասնակցությունից, քանի որ այն նպատակդրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որը ավանդաբար նշվում է ապրիլի 24-ին` ողջ Հայ Ազգի և առաջադեմ մարդկության կողմից:

Այս տարի` ապրիլի 24-ին, Հայաստանում ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկվել է բազմաթիվ երկրների ղեկավարներին, և արդեն ստացվել են դրական պատասխաններ երկրների նախագահներից, ինչպես նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսից: Պարոն Էրդողանի վերոհիշյալ արձագանքն այդ հրավերին ԵՀՄՖ-ն համարում է վատ քողարկված ագրեսիա իր հարևանի նկատմաբ, շատ մեծ դիվանագիտական սխալ և Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությունը նսեմացնելու ապարդյուն ու անփառունակ փորձ:

Ձերդ գերազանցություն

ԵՀՄՖ Նախագահությունը դիմում է Ձեզ և միաժամանակ բոլոր առաջադեմ երկրների ղեկավարներին խնդրանքով. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ, ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՈՃԻՐ ԵՎ, ՀԱՐԳԵԼՈՎ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ, ԶԵՐԾ ՄՆԱԼ ՆՐԱ ՀՐԱՎԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ:

Այս քայլով կնպաստենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման խիստ կարևոր գործին և կստիպենք այսօրվա Թուրքիային ետ կանգնել անցյալ իշխանությունների իրականացրած հանցագործությունները սատարելու և այդ հարցում նրանց իրավահաջորդը լինելու կարգավիճակից:

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյան
Բրատիսլավա, Սլովակիա
03.02.2015թ.

Տեսանյութեր

Լրահոս