Մշուշոտ կարգախոս. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

«Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»: Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի մասին է: Եվ հետեւաբար ընդդիմության նպատակը պետք է որ լինի Հայաստանի այսօրվա՝ մեղմ ավտորիտար համակարգը աստիճանաբար վերածել ժողովրդավարական համակարգի: Դրա անհրաժեշտության հետ դժվար թե որեւէ խելամիտ մարդ վիճի՝ դա Հայաստանի զարգացման միակ հնարավոր ճանապարհն է:

Արդյոք դա՞ է ուզում Հիմնադիր խորհրդարանը: Դժվար թե: Ավելի հավանական է, որ մնացած ընդդիմադիրների նման նրանք «ռեժիմի» տակ հասկանում են Սերժ Սարգսյանին:

… Անձամբ Ժիրայր Սեֆիլյանի անկեղծությանն ու հայրենասիրությանը ես, իհարկե, չեմ կասկածում: Նրա կողքին կան հղկված մտավորականներ, որոնք պատիվ կբերեն ցանկացած կուսակցության: Կան նաեւ կասկածելի անձնավորություններ, որոնք պղտոր ջրում ձուկ են բռնում: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն, ինձ թվում է, Հիմնադիր խորհրդարանի մեթոդոլոգիական սխալի մեջ է, երբ այդ խումբը հրաժարվում է հանդես գալ որպես քաղաքական ուժ, որպես կուսակցություն՝ հնչեցնելով, սակայն, ըստ էության, քաղաքական կարգախոսներ: Նման երկվությունը անխուսափելիորեն սխալների է հանգեցնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս