«Մղկտացել է՝ տեսնելով, թե ինչ «շան տանջանք» են քաշում խոպան մեկնած հայերը Ռուսաստանում». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մոսկվայում տարիներ առաջ հանգրվանած հյուրս, որ կարճ ժամանակով Հայաստան է եկել, արձանագրել է, որ շուրջբոլորն արտագաղթի ծրագրեր են կառուցում։ «Ում լսում ես, ասում է՝ գնում եմ կամ գնալու եմ»։ Այս իրավիճակից տագնապած՝ հատուկ եկել է խմբագրություն, որ ասի՝ ժողովուրդ, հազար անգամ չափեք, նոր եկեք Ռուսաստան աշխատելու։ Պատմում է, թե այս տարիներին ինչ ողբերգությունների է ականատես եղել Ռուսաստան մեկնած հայերի շրջանում։ Ցավ է ապրել՝ տեսնելով, թե ինչպես են հայկական ընտանիքները քանդվում։

Մղկտացել է՝ տեսնելով, թե ինչ «շան տանջանք» են քաշում խոպան մեկնած հայերը։ Ինչ անմարդկային պայմաններում են ապրում, ինչքան նվաստացում ու զրկանքներ են տանում, ինչպես են անխնա շահագործման ենթարկվում գործատուների կողմից։ Ինչպես են գրոշներ ստանում այն աշխատանքի դիմաց, որը տասնապատիկ ավելի արժե։ Ինչպես են ամեն քայլափոխի կաշառք տալիս տարբեր չինովնիկների։ Ինչպես են օրերը հաշվում, թե երբ են տուն վերադառնալու։ Ինչքան են կարոտում տնեցիներին եւ ինչ ապրումներ են ունենում ամեն անգամ տուն զանգելիս ու հարազատների դժվարությունների մասին լսելիս։

Վերջապես, ինչ փորձանքների մեջ են ընկնում՝ խաբվում, փոքրիկ զանցանքների համար բանտ ընկնում, վաստակածը կորցնում։ Այնպես, որ մի բան էլ տնից փող են ուզում, որ հետ գան հասնեն իրենց՝ ընտանիքին։ «Եկել եմ ասեմ՝ ժողովուրդ, գլխակորույս մի նետվեք այդ հորձանուտը։ Փորձեք մեր երկրում աշխատանք գտնել։ Այն չարքաշ գործը, որ անում եք օտարի երկրում, այստեղ էլ կճարվի, եթե, մի քիչ ջանք թափեք։ Ավելի լավ է դրա կեսը վաստակեք ձեր հողում,; քան անկանխատեսելի իրավիճակների մեջ հայտնվեք։ Մի խաբվեք սրա-նրա սուտ պատմություններին, Ռուսաստանն Ավետյաց երկիրը չի, եւ երկնքից մանանա չի թափվում»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս