ԵՏՄ երկրներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներին թույլատվություն պետք չէ. Գագիկ Եգանյան. tert.am
Tert.am-ը գրում է. 2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգն ու պայմանները:
Վերջինիս հաղորդմամբ՝ ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր:
«Ընդ որում՝ որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք»,- ասաց Եգանյանը:
Ծառայության պետը նշեց նաև, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով:
Ասուլիսի ընթացքում Գագիկ Եգանյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: «Աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները միգրացիոն քարտի «այցի նպատակը» տողում պետք է պարտադիր նշեն «աշխատանք» բառը: Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետը»,- հայտարարեց Եգանյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: