
Ապօրինի պահվող հրազենից կրակոց արձակելու եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

2014 թ.-ի մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Ջիվան Հ.-ն ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու՝ Վարուժան Հ.-ի վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն