Ռուբեն Հակոբյան. «Համարձակություն ու պատասխանատվություն է պահանջվում այս պայմաններում նման խորհրդաժողով անցկացնելը»

«Համարձակություն ու պատասխանատվություն է պահանջվում այս պայմաններում նման խորհրդաժողով անցկացնելը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի հրավերով անցկացված ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի մասին:

Նրա խոսքով՝ խորհրդաժողովում բոլորը նշեցին արտահերթ ընտրությունների մասին, Գագիկ Ծառուկյանն ակնարկում էր, որ պետք է ճիշտ լուծումներ գտնել: Ըստ նրա՝ համաժողովրդական շարժման ծրագիր կազմողները հնչած մոտեցումները հաշվի կառնեն, միասին ի մի կբերեն և քաղաքական միասնական քարտեզով կներկայանան.

«Մեր պետության համար արժանապատիվ տարբեակը, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրահարվածությանը և համարժեք գնահատի իրավիճակը: Մեր պետականության ողնաշարին հարվածել է ընտրությունների կեղծումը: Յուրաքանչյուրս մեր տեղում մեղավոր ենք, որ նման իրավիճակ է ստեղծվել: Եթե սահմանադրական բարեփոխումների մասին խոսքը շարունակվի, դա իշխանական բուրգի վերարտադրություն կնշանակի: Իշխանությունը պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրությունների՝ նախապես Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելով»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամ կա ՀՀ-ում և ՎՊ հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայութունը ԱԺ-ում խոսում է այն մասին, որ հին ինստիտուտները չեն գործում: Նրա խոսքով՝ ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ շատ բացահայտ ու ցուցադրաբար անտեսվեց ԱԺ կանոնակարգ օրենքը. «Բացահայտ է, որ քաղաքական խաղեր են տեղի ունենում՝ ի հաշիվ ԱԺ արժանապատվության: Կարևոր չէ, թե ում կողմից: Կան քաղաքական ուժեր, որ չեն ուզում վիրավորվի ԱԺ արժանապատվությունը: Սա առաջին դեպքը չէ»:

Ռ.Հակոբյանը խուսափեց պատասխանել, թե ինչպիսի՞ն կլինի քաղաքական գարունը, երբ աշունը բավական սառն էր: Նա միայն ասաց, թե նայում է բուսականությանն ու  օդերևութաբսնական ծառայության կանխատեսումներին:

 

Տեսանյութեր

Լրահոս