ԲՀԿ-ականը՝ ԱԺ նիստից բացակայելու մասին. «Եթե գտնվեի ինչ-որ հետաքրքիր էքսկուրսիայի` Գառնի-Գեղարդ տաճարի մոտակայքում, Դուք կարող էիք Ձեր հարցը տալ»

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովը կազմալուծել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքն ու ստիպել նրանց ընդհատել իրենց օրենսդիր աշխատանքը:

Երբ հունվարի 20-ին ԲՀԿ-ական խորհրդաժողովը հետաձգվեց, հիմնավորումը լիովին ընդունելի էր ու անվիճելի՝ այդ օրը Գյումիի ողբերգության հետևանքով զոհված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունն էր: Բայց թե ինչո՞ւ խորհրդաժողովը նշանակվեց փետրվարի 5-ին, երբ հայտնի էր, որ այդ նույն օրը շարունակվելու են Ազգային ժողովի այս տարվա առաջին քառօրյա նիստերը:

Արդյունքում այսօր ԱԺ նիստերի դահլիճի ԲՀԿ խմբակցության աթոռները դատարկ էին: Փոխարենը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցում կարելի էր հանդիպել ԲՀԿ պատգամավորական ողջ սերուցքը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այդ թվում նաև՝ ԱԺ-ի համար հազվադեպ այցելու դարձած Վարդան Օսկանյանը: Ներկա էին նաև Ռուբեն Գևորգյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը և այլոք:

168.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեց, թե խմբակցության մեծամասնությունը մասնակցում է խորհրդաժողովին, արդյոք խորհրդարանում ներկայացուցիչ մնացե՞լ է:

«Մնացել է, իհարկե, մնացել է: Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ՝ ովքեր են մնացել, բայց եթե հետևեք մեր ամբողջ կազմը չի էստեղ ներկա, որովհետև պառլամենտական ֆրակցիայի մի մասն էլ ներքևում է էս պահին՝ խորհրդարանում»,- հավաստիացրեց Բաբայանը:

Հարցին՝ անձամբ ինքը փաստորեն առավել առաջնային այս խորհրդաժողո՞վն է համարել, քան պատգամավորական աշխատանքը, քանի որ որ այստեղ է, Բաբայանը պատասխանեց, թե առաջին հերթին, իհարկե, սա է, որովհետև կարծում է, որ այստեղ իրենք շատ մեծ անելիքներ ունեն:

Մեր դիտարկմանը, որ պատգամավորին ընտրում է ժողովուրդը, վճարվում է բյուջեից և ժողովրդի հանդեպ պարտավորությունը (տվյալ դեպքում՝ օրենսդիր գործունեությունը) պետք է գերակայի մնացած գործունեությունների հանդեպ, Վ.Բաբայանը պատասխանեց, թե պատգամավորը կաշկանդված չէ իր քաղաքական գործունեությամբ և ինքն է որոշում ինչպիսի աշխատանքով զբաղված կլինի:

«Պատգամավորը առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է և քաղաքական գործիչն ինքն է որոշում իր գործունեության շրջանակը: Եթե ես այստեղ գտնվելու փոխարեն գտնվեի ինչ-որ հետաքրքիր էքսկուրսիայի` Գառնի-Գեղարդ տաճարի մոտակայքում, Դուք կարող էիք Ձեր հարցը տալ, բայց այստեղ քանի որ քննարկվելու է մեր երկրի ապագան, ես առաջնահերթ գտնում եմ այս հարցը և դա բացառապես իմ և իմ կուսակցության իրավունքն է, թե ես որտեղ կգտնվեմ»,- ասաց Վահան Բաբայանը:

Հարկ է նշել, որ խորհրդաժողովից իսկապես բացակայում էր ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը, օրինակ՝ Լյովա Խաչատրյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը և այլք, բայց նրանք բոլորովին էլ իրենց պատգամավորական մանդատի առաքելության իրականացմամբ չէին զբաղված և ԱԺ նիստից նույնպես բացակայում էին: Պատկերավոր ասած՝ փախել էին երկու դասերից էլ:

Իսկ թե պատգամավորի համար ո՞ր գործունեությունն է գերակա, հստակ գրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 9.1-ի (Պատգամավորի գործունեության սահմանափակումները) 3-րդ կետում՝ «Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս