Oլիգոֆրենիայով տառապող Պերմյակովին ընդհանրապես իրավունք չունեին զորակոչել բանակ. Gazeta.ru
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով (այս մասին առավել մանրամասն՝ նյութի վերջում – 168.am)
Այս մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը, ըստ որի՝ Գլխավոր զինդատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, որոնք նրան զորակոչել են բանակ, այնպես էլ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարաներին՝ նրան զենք վստահելու համար.
«Նրանց գործողություններում կան հանցանքի ցուցիչներ, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ «Անփութության» հոդվածի երկրորդ կետով: Դրանով իսկ նրանց կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում: Սակայն հոդվածի վերջնական տարբերակը, որով կարող են մեղադրանք ներկայացնել նրանց, պետք է հստակեցնեն քննիչները:
Աղբյուրն ընդգծել է, որ ավելի վաղ Պերմյակովի մոտ ախտորոշել են օլիգոֆրենիա. «Նրան ընդհանրապես իրավունք չունեին բանակ զորակոչել, առավել ևս՝ հանձնարարել մարտական զենքով պարեկություն կատարել: Պարեկ նշանակում են ամենաադեկվատներին»:
Աղբյուրի խոսքերով՝ բուն հանցանքը կատարվել է չափազանց անտրամաբանական այն տեսանկյունից, թե զինծառայողն ինչպես է վարվել զենքի և առարկայական մյուս ապացույցների հետ. «Առաջին հերթին քննիչներն ընդհանրապես չեն հասկանում, թե նա ինչու է սկսել կրակել:
Չէ՞ որ, ինչպես ասել է Պերմյակովը, իրեն անհրաժեշտ է եղել գումար ու քաղաքացիական հագուստ: Եվ եթե նա ինքնաձիգը պարզապես ուղղեր մարդկանց վրա և պահանջեր այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ապա մարդիկ Պերմյակովին կտային այդ ամենը, միայն թե նա չսպաներ իրենց:
Բացի այդ, սպանությունից հետո նա հանցանքի վայրում թողել է իր հանդերձանքն ու կոշիկը՝ անվանական տարբերանշաններով, ինչպես ինքնաձիգն իր համարով, որը վկայում է, որ այն ամրակցված է հենց կրտսեր սերժանտ Պերմյակովին»:
Նշենք, որ Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ: Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի:
Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները՝ հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից:
Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվող աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:
Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ, համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը:
Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով բժիշկները հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաները, երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:
Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: